Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Սկանդալ-սենսացիա` այսպես էլ ապրում ենք

Սկանդալ-սենսացիա` այսպես էլ ապրում ենք
10.10.2017 | 00:13

Առանց մտածելու, հընթացս կարո՞ղ եք ասել` որո՞նք են Հայաստանի երեք գլխավոր խնդիրները: Ձեր անձնականը չխառնեք: Դրանք ամենագլխավորն են: Անցած շաբաթ Հայաստանի ամենաարդիական թեմաներն էին` ի վերջո ո՞վ ու՞մ ծեծեց ԱԺ-ում, Լեհաստանի հավաքականից 1։6 հաշվով պարտությունից հետո հրաժարական կտա՞ Ռուբեն Հայրապետյանը, ո՞վ է սպանել սպիտակագլուխ անգղերին: Կային, իհարկե, առաջին եռյակին զիջող, բայց կարևոր ուրիշ հարցեր: Ասենք` առաջին անհրաժեշտության սննդամթերքի գլխապտույտ թանկացումներ, քննարկումներ ու համաձայնագրերի վավերացում ԱԺ-ում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այց տարածաշրջան ու հատկապես ԱՄՆ-ի նոր համանախագահ Էնդրյու Շեֆերի մյուսներից առաջ գալը (ո՞ր նորանշանակ համանախագահն է կանխավ եկել` տեղում հանգամանալից իրավիճակին ծանոթանալու, և սկսել է Ստեփանակերտից` սա ոչ թե աշխարհագրություն է, այլ քաղաքականություն), Նոբելյան մրցանակակիրներ, ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի իրական հրաժարական, ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի ենթադրյալ հրաժարական և այլք, և այլն: Բայց ու՞մ են նրանք հետաքրքրում: Գլխավորի ու երկրորդականի մրցակցության մեջ սկանդալը սենսացիայից ո՞վ է տարբերում: Օրինակ` ո՞վ կմտածեր, որ ՀՀԿ-ն ԵԱՏՄ-ի անդամակցության ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման «Ելքի» առաջարկի քննարկման վերջին ակորդները կվստահի Արտաշես Գեղամյանին: Ոչ թե նրա պանծալի պերճախոսությանը, այլ ծերունական բռունցքներին: Գուցե՝ ոչ ոք: Ստացվեց օրինաչափ` մեծամասնությունը փոքրամասնությանը համոզելու ուրիշ փաստարկ չգտավ: Հետո՞ ինչ, որ դա «այս խորհրդարանի մակարդակը չէր»: Մակարդակը անշոշափելի կատեգորիա է, ոչ թե հայտարարությամբ է հաստատվում, այլ ըստ էության: Արմեն Աշոտյանի հումորի մակարդակը հերիքեց Կարեն Կարապետյանի կառավարության հրաժարականի պահանջը համադրել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետևանքների ուսումնասիրման ժամանակավոր հանձնաժողովի չստեղծմանը: Ռիսկային քայլ էր նույնիսկ նրա նման PR մենեջերի համար, որ բառերի հետ խաղում է ինչպես անհայտ հիվանդության դեպքում նշանակում անող բժիշկը` դեղերի: Փաստացի` ՀՀԿ-ն չի կարողանում հաղթահարել «Ելքի» հարուցած թերարժեքության սինդրոմը: «Պադյեզդներից»` ԱԺ միջանցքներ: Առավել ևս` դահլիճ ու կուլիսներ, որտեղ ծնվում են տարատեսակ ասեկոսեները, որոնց վրա կառուցվում է քաղաքականությունը Հայաստանում: Օրինակ, եթե «Ելքի» փաստարկներին համարժեք հակափաստարկներ չկան, մնում է դիմել մշտական հնարքին` հայտարարել, որ «Ելքը» գործակցում է իշխանության հետ (Զարուհի Փոստանջյանը, օրինակ, այս գործում հաջողություն չունեցավ), դա էլ չկպչի` ինչպես անձրևաջուրը ջրհորդանին, կա հաջորդ անվրեպ քայլը` Մոսկվայում է իշխանության հետ գործակցում: Բայց` Հայաստանի: Սա տիպիկ ՀՀԿ-ական մտածողություն է, եթե Մոսկվայում է, ուրեմն` ճիշտ է: ՈՒրիշ ինչպե՞ս: Իզու՞ր քաղաքական թոշակառու Արտաշես Գեղամյանը ռինգ մտավ անհավասար քաշային կատեգորիայում: Ո՛չ և ո՛չ: Գոնե կասվի` իշխանությունը ԵԱՏՄ-ն բռունցքներով է պաշտպանում: Իսկ պետք է՝ գործով:


Կարո՞ղ եք ասել` ինչու՞ է կառավարության համար առաջնահերթ դարձել աջ ղեկով մեքենաների շահագործումն արգելելը։ Ի՞նչ վիճակագրություն է հնարվել, որ վթարների մեծ մասը լինում է աջ ղեկով մեքենաների պատճառով, հետևաբար պետք է մտածել անվտանգության մասին: Եթե կա նման անհավատալի վիճակագրություն, Մեծ Բրիտանիայում, Կիպրոսում, Ճապոնիայում բոլոր վարորդները վաղուց վթարված ու մեծամասնությանը միացած կլինեին, իսկ նրանք հանգիստ ու հաճույքով երթևեկում են` վայելելով հարթ ու հրաշալի ճանապարհները ու չմտածելով, որ իրենց ավտոմեքենայի ղեկը «սխալ» է: Կամ` կառավարությունը ներքին ու արտաքին քաղաքականության բացարձակապես բոլոր հարցերը լուծել է ու սկսել է մեքենատերերի հաշվին զվարճանալ, կամ` օլիգարխներից մեկնումեկը իրականացնում է «օդից փող» հերթական ծրագիրը: Ինչու՞ ոչ:

Եթե ամեն ինչ կարելի է ու հնարավոր է` պետության անունից սեփական գրպանի համար:
Ձեզ չզարմացրե՞ց, որ հենց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց` Եվրոպայի Խորհրդից դուրս գալը Ադրբեջանի կյանքում ոչինչ չի փոխի, ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական տվեց: Կես տարի ԵԽԽՎ-ն հետամուտ էր նրա հրաժարականին, նույնիսկ կառույցի կանոնակարգ փոխեց, որ Ագրամունտին պաշտոնազրկի, իսկ հիմա իսպանացին վերցրեց ու «բժշկի խորհրդով» ինքնակամ հեռացավ: Գուցե նաև հույսեր ունի, որ իրեն հանգիստ կթողնեն` վայելելու Ադրբեջանից ստացած կաշառքը: Բայց Ալիևը ոչ միայն պատրաստ է Եվրախորհրդից հրաժարվել, այլև ընդհանրապես նեղացած է. «Եվրահանձնաժողովը հետխորհրդային տարածքում բոլոր հակամարտությունների վերաբերյալ միասնական մոտեցում պիտի ունենա: Հակառակ դեպքում, մենք արդարացիորեն կընկալենք դա որպես երկակի չափանիշների կիրառում: Այդ պատճառով, շատ կարևոր է, որ ամփոփիչ հռչակագրում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հստակ ընդգծվի տարածքային ամբողջականությունը»:


Տարիներ առաջ Ադրբեջանը ԵՄ-ի ասոցացման համաձայնագիրը չստորագրեց, որովհետև Բրյուսելը չհամաձայնեց Ադրբեջանի տարածքային ամբողջականության դրույթը համաձայնագրում արձանագրել: Ինչու՞ է Ալիևը փորձում երկրորդ անգամ նույն տեղում գայթել: Ադրբեջանը միշտ տրտնջում է, որ Եվրոպան ու ԱՄՆ-ը հայամետ դիրքորոշում ունեն և անտեսում են տարածքային ամբողջականության սկզբունքը, ԵՄ համաձայնագրի պատմությունը հաստատում է, ԵՄ-ն ու ԱՄՆ-ը ոչ միայն փորձագիտական, արդեն պաշտոնական աջակցություն են հայտնում ղարաբաղյան հակամարտությունում Հայաստանի դիրքորոշմանը: ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը աջակցել է Կոնգրեսին` Արցախի ամբողջական ականազերծման, դիպուկահարներին հեռացնելու, դիտարկման մեխանիզմների ներդրման հարցում: Տեսնու՞մ եք այստեղ մադրիդյան սկզբունքներ: ԵՄ-ը հրաժարվում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ներառել Ադրբեջանի հետ պայմանագրի տեքստում` եվրոպացիներին բողոքել է Իլհամ Ալիևը: Ինչու՞ է նա ուզում, որ Ղարաբաղը համարվի հետխորհրդային հակամարտություն, ինչպես` ՈՒկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի կոնֆլիկտները: Որովհետև նրանց դեպքում Արևմուտքը միանշանակ պաշտպանում է տարածքային ամբողջականության սկզբունքը: Իլհամ Ալիևը այդ տարբերությունն ընկալել է, կա՞ ընկալում Հայաստանում, երբ Մեծ Բրիտանիան ի ցույց է դնում «ադրբեջանական լվացքատունը», ԱՄՆ-ն ու ԵՄ-ը պատժամիջոցներ են նախատեսում Ադրբեջանի նկատմամբ, երբ ԱՄՆ-ի 8-րդ նահանգն է Ղարաբաղը ճանաչում:

Հիմա համեմատեք` Հայաստան է գալիս ՌԴ նախագահի եվրասիական ինտեգրման հարցերով խորհրդական Սերգեյ Գլազևը և հայտարարում, որ ԵԱՏՄ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության վերջնական որոշումը կախված է Հայաստանից: Թեպետ Ադրբեջանը նման ցանկություն չունի, իսկ եթե ունենա, նույն հարցն է դնելու, ինչ ժամանակին արեց Հեյդար Ալիևը, երբ Ադրբեջանը անդամակցեց ու հեռացավ ՀԱՊԿ-ից` Ղարաբաղն իրեն տալու: Սերգեյ Գլազևը կարծում է, որ ԵԱՏՄ ընդլայնումը և ամբողջ Կովկասի ինտեգրումը միության մեջ կօգնեն կարգավորել ամենադժվար քաղաքական խնդիրները, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի. «ԵԱՏՄ-ին ինտեգրումը բնական գործընթաց է։ Մենք միասին կառուցել ենք ռուսական կայսրությունը, սովետականը և կարող ենք միասին կառուցել մեր ապագան 100 տարվա համար»: Դուք հիշու՞մ եք` ինչպես է Ադրբեջանը կառուցել Ռոմանովների կայսրությունը, կասեք` կա՞ր, որ կառուցեր: Գլազևը հիշում է և ասում. «ՌԴ նախագահի առաջարկած եվրասիական գործընկերության նախագիծը բարեկամ երկրների միավորման տարբերակ է, որի պարագայում հարգվում է միմյանց սուվերենությունը»։ Փաստորեն, ապագա 100 տարվա ծրագրում Ադրբեջանը Հայաստանի բարեկամն է, իսկ Ալիևը գիտի՞: «Բարձրաստիճան ռուս պաշտոնյայի հայտարարությունն Ադրբեջանում զարմանք է առաջացրել, Բաքուն նույնիսկ միանշանակ և հստակ դիրքորոշում չի հայտնել ԵԱՏՄ-ին անդամակցելու վերաբերյալ: Ադրբեջանում այդ հարցը քննարկողներին ամենաքիչը հետաքրքրում է հարցի մասին Հայաստանի կարծիքը, խոսքը տարածաշրջանային ձևաչափով արտաքին քաղաքական ռազմավարական համակարգի ձևավորման մասին է»: Փաստորեն, Բաքուն առևտուր է անում հայտնի պայմանով, իսկ Մոսկվան համոզում է Երևանին` 100 տարվա ծրագրով վերականգնում ենք ԽՍՀՄ-ը, ի՞նչ խնդիր կա:


Դուք գիտե՞ք` ինչն էր պակասում Երևանին: Ամենից շատ: Ռուսական ուղղափառ եկեղեցին: Եթե Երևանի կամ Հայաստանի բնակչության 10 տոկոսը լիներ ռուս ուղղափառ եկեղեցու հետևորդ, որ մնացել էին առանց հոգևոր պահանջները բավարարելու հնարավորության, և Երևան գար որևէ ռուս մեծահարուստ ու հայրենակիցների համար եկեղեցի կառուցեր, ազգանվեր ու հայրենասիրական քայլ կլիներ հայրենակիցների նկատմամբ: Ռուս մեծահարուստ բարերարի դերում Արա Աբրահամյանը սեփական միջոցներով կառուցել է Սուրբ Խաչ ռուսական ուղղափառ եկեղեցին` հավանաբար ռուս զբոսաշրջիկների համար: Իր բացատրությամբ` ռուսական եկեղեցու միջոցով «մոտեցավ Աստծուն», փաստորեն, Հայ առաքելական եկեղեցու միջոցով դեպի Աստված ճանապարհը փակ է: Հավանակա՞ն է, որ «Աստծուն մոտենալու» հաջորդ քայլով Արա Աբրահամյանը Երևանում կառուցի կաթոլիկ եկեղեցի կամ հրեական սինագոգ: Ի վերջո` մզկիթ: Ինչպե՞ս անցավ նրա կազմակերպած տնտեսական ֆորումը: «99 տոկոսը այլ երկրի քաղաքացիներ էին, ռուսներ էին, Իրանից կային, Կատարից կային, Գերմանիայից, Ամերիկայից և այլ երկրներից: Բայց մեր հայ բիզնեսմենները, ցավոք սրտի, չկային, իհարկե, ինձ թվում է՝ իրենց հավատը վերջնականապես կորցրել են հայրենիքի նկատմամբ: Հարցը դա չէ, թե ով է կազմակերպել, հարցն այն է, որ պետք է գալ մասնակցել, եթե մենք մի բան այնպես չենք անում՝ գան քննադատեն, ասեն՝ գիտե՞ք ինչ կա, էս մի բանը այնպես չեք անում, եկեք միասին այսպես անենք: Եթե գիտեն, թե ոնց անեն, բա թող մեզ սովորացնեն: Ինձ հարց են տալիս գերմանացի բարեկամները, ասում են՝ դուք բավականին հարուստ հայեր ունեք Մոսկվայում, Ամերիկայում, բա ու՞ր են, որ չկան այստեղ: Եթե մենք ինքներս չենք ուզում այստեղ ներդրումներ կատարել, այստեղ ինչ-որ մի բիզնես կազմակերպել, իհարկե, ուրիշները չեն անի դա: Մարդն ասում է, որ եթե իրանք չեն ուզում, դրսում են աշխատում, բա ինչու մենք պիտի գանք էս երկրում բիզնես կազմակերպենք: Այ, մեծ ուրախությամբ ես բոլորին էլ հրավիրել էի, իմ գործը հրավիրելն է, կազմակերպելն է: Չմասնակցելը կողքից խոչընդոտում է, մեր նկատմամբ վստահությունը պակասում է»: Իր խոսքերով՝ այսպես: Մի հարցրեք, թե նա ու՞մ է քննադատում: Համարեք` ինքն իրեն: Եթե ոչ Տիգրան Սարգսյանին, Հովիկ Աբրահամյանին, Կարեն Կարապետյանին` միասին վերցրած: Տեսականում:


Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ԱԺ-ում ասաց` ԱՄՆ-ի փոխանցած տիեզերական լուսանկարները ցույց են տվել, որ Խոսրովի արգելոցում հրդեհի բռնկումն ունի միաժամանակ երեք տարբեր օջախներ, որ եղել են իրարից շատ մեծ հեռավորության վրա: Պատկերացնու՞մ եք, որ երեք կետում միանգամից ինքն իրեն հրդեհ է բռնկվում: Պատահաբար: Ո՞վ և ինչու՞ է հրդեհել արգելոցը, որ մի քանի օր անձամբ մարում էին Արծվիկ Մինասյանն ու Դավիթ Տոնոյանը` իրենց գերատեսչությունների, կամավորների հետ: Հետո նաև՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ուղարկած հրշեջ ինքնաթիռի օժանդակությամբ, որ դժվարությամբ էր օդ բարձրանում լեռնային տեղանքում ու ծխի մեջ: Եթե կան լուսանկարներ, տեխնիկական խնդիր է հրձիգներին գտնելը: Բայց նրանց չեն գտնի: Բնապահպանական դիվերսիան համարժեք չընկալվեց, ոչ էլ քաղաքական պատճառ-հետևանքները: Հեռուստաալիքները ողբում էին ամեն վառված խոտի, ծառի ու կենդանու համար, ինչու՞ հիմա հրձիգներին չեն որոնում: Պատճառ կա՞:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Իսկ այս շաբաթվա սենսացիան վարչապետ Կարեն Կարապետյանի այցն է Թեհրան: Փաստացի` նա գիտի այն, ինչ ոչ ոք չգիտի` Իրանը մտել է ԵԱՏՄ: Այլապես սահմանը չէր հատի: Իր պարագայում դա կարող է որակվել սկանդալ:

Դիտվել է՝ 3475

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ